ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ՄՈԼՈՐՎԱԾ ՄՈԼՈՐԵՑՆՈՂՆԵՐԸ

ՄՈԼՈՐՎԱԾ ՄՈԼՈՐԵՑՆՈՂՆԵՐԸ
15.11.2011 | 00:00

Մոլորված են կոչվում ճշմարտությունից կամ ճիշտ ուղուց շեղվածները։
Կարող են մոլորվել անհատներից սկսած մինչև իսկ ազգերն ու պետությունները, ինչը և անցյալ դարասկզբին տեղի ունեցավ Ռուսաստանի հետ։ Ոչ ոք ապահովագրված չէ մոլորությունից, եթե չունի ճիշտ ուղեցույց։
Հիմա պետք է խոսենք ճշմարիտ հավատքից շեղված ու մոլորության ճանապարհ բռնած քրիստոնյաների մասին. այո՛, այդպիսիք էլ են լինում։ ՈՒ դրանց մեջ, սիրելի ընթերցող, կարող ենք լինել ես ու դու, որովհետև չարի մոլորեցուցիչ հնարքները վեց հազար տարվա փորձառությունից են գալիս, իսկ մեր կարճ կյանքն ընդամենը մի քանի տասնամյակ է շարունակվում։ Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը բոլոր քրիստոնյաներին զգուշացնում է. «Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. չգիտե՞ք, թե Քրիստոս Յիսուս ձեր մեջ է, այլապէս կլինեիք անպիտան»: (Բ Կորնթ.13.5)։
Իսկ ինչպե՞ս քննենք մենք մեզ, այդ մասին կխոսենք վերջում, երբ մինչ այդ կարդանք աշխարհահռչակ մոլորված-մոլորեցնողների մասին, որոնք իրենք իսկ շեղված լինելով ճշմարտությունից, շատերին փորձում են «ճիշտ ուղիով» առաջնորդել։ Այդպիսիներին Հիսուսն անվանեց կույրեր, որոնք փորձում են իրենց նման կույրերին առաջնորդ լինել, ու բոլորն էլ փոսի մեջ են ընկնում։ Դրանք նախկինում վարդապետ էին կոչվում, իսկ մեր օրերում դրանց անվանում են քարոզիչներ, որոնք Աստծո խոսքն են տարածում աշխարհով մեկ։ Նկատի ունեմ ժամանակակից աղանդավորական քարոզիչներին։
Տվյալները, որոնց մասին հիմա կկարդաք, վերցված են փաստագրական տեսաֆիլմից, որտեղ ցուցադրվում է Աստծո այդ հռչակավոր խոսնակների (քանզի նրանց քարոզիչներ կոչելը կասկածելի է) կյանքի դրվագները։ Ասում եմ` հռչակավոր, որովհետև նրանց քարոզած մարդկանց թիվը միայն մի դահլիճում երբեմն հասնում է տասնյակ հազարների. մեր օրերում քրիստոնեական հավատքի նվազման, արևմտյան երկրներում եկեղեցիների դատարկվելուն զուգահեռ, այդքան թվով մարդկանց հավաքելը և մի քանի ժամ լոկ խոսքով զբաղեցնելը կասկածների տեղիք է տալիս։ Խորհել է պետք. կամ առաքելական ժամանակների հատուկ Սուրբ Հոգով լեցուն այրեր ու կանայք են հայտնվել, կամ էլ մի ուրիշ զորություն է գործում, որի մասին հարկ է լրջությամբ խորհել, որովհետև նման սցենարով ներկայացումներ (այո՛, ներկայացումներ, ոչ թե քարոզություններ) արդեն մեզ մոտ՝ Հայաստանում էլ են տեղի ունենում, երբ աղոթաժողովները վերածվում են անհասկանալի բառերով ժխորների, որոնք ուղեկցվում են ռոք երաժշտության ռիթմերով ու գոտկատեղից ցած անպարկեշտ շարժումներով։
Տեսաֆիլմը սկսվում է, բայց մեր իմացած խաղաղություն ու հոգու հանդարտություն բերող խոսքերի ու մթնոլորտի փոխարեն դահլիճում, գիշերային զվարճատներին յուրահատուկ, մի ժխորանման աղմուկ է տիրում, որտեղ մարդիկ հիստերիկ ինքնամոռացության մեջ թավալվում են հատակին, խելագարներին յուրահատուկ անիմաստ շարժումներով և բղավոցներով դես ու դեն են վազվզում, կամ էլ տեղերում նստած, դողէրոցքով բռնված տառապող հիվանդին բնորոշ տենդագին ճիգեր անում այդ վիճակից ազատվելու։ Սա, ըստ խոսնակի, սուրբ հոգու այցելությունների մի ձև է (տվյալ դեպքում` սուրբ հոգի անունը միտումնավոր կերպով փոքրատառով գրվեց, որովհետև, ըստ Աստծո խոսքի, Տիրոջ ներկայությունը մարդուն նախ խաղաղություն է տալիս, ինչպես Տեր Հիսուսը, երբ հարությունից հետո երևաց առաքյալներին, առաջին բառը, որ ասաց, սա էր. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհաննու ավետարան 14.27)։ Եվ դարձյալ գիտենք Ավետարանից, որ երբ հավատավոր քրիստոնյաները մեկտեղ են հավաքվում, ապա Տերը Իր խոստման համաձայն ներկա է այնտեղ, ու Հիսուսի անուններից մեկն է՝ Խաղաղության իշխան։ Բայց ահա այդ խարիզմատիկ ուղղության աղանդավորական բոլոր աղոթաժողով-ներում հայտնապես երևում էր, որ քաոսի ու ստության իշխանն է ներկա, ով Աստծո խոսքի երևութական, այսինքն` արտաքին քողի տակ հոգևոր ավերածություններ է գործում խեղճ մարդկանց մեջ, նրանց տիկնիկների նման խաղացնելով ու ջղագարի նման թավալելով հատակին։
Տեսաֆիլմը շարունակվում է մեկ այլ խմբի աղոթաժողովում, որտեղ բեմի խոսնակը մի քանի բառ ավետարանից խոսելուց հետո հանկարծ սկսում է ծիծաղել, ապա հռհռալ, ու հանկարծ բեմասեղանիկը գրկած ընկնում է հատակին և շարունակում իր հիստերիկ հռհռոցը, որը վարակի նման տարածվում է դահլիճով մեկ, ու ներկաները նույնպես «քարոզչի» ծիծաղի «սուրբ վիրուսով» վարակված, տեղներում նստած, փորները բռնած հռհռում են խելագարների նման։ Սա էլ, ըստ իրենց, իբր սուրբ հոգու մեկ ուրիշ այցելության ձև է, երբ մարդիկ «սուրբ ծիծաղով» ուրախանում են աստծո ներկայությամբ։ (Ճշմարիտ Աստծո վերաբերյալ բոլոր անվանատառերը միտումնավոր դարձյալ փոքրատառով գրվեց, որ չշփոթենք իրեն աստված ներկայացնող սատանայի հետ)։
Մեկ այլ խմբում ներկաներից ոմանք, բառիս բուն իմաստով շան կամ այլ կենդանիների ձայներ էին հանում (այն էլ շատ նման), կարծես նրանք ներքնապես տվյալ կենդանու էությանն են հաղորդ եղել տվյալ պահին։ Զարմանքից ապշած ես մնում, երբ տեսնում ես, թե ինչպես փողկապով, թանկարժեք կոստյում հագած տղամարդիկ շան լակոտների նման թավալվում են հատակին, իսկ դրանցից մեկի պարանոցից մի պարան գցած մեկ ուրիշը ման էր ածում շան նման չորեքթաթ քայլող «քրիստոնյային»։
Կան նաև խմբեր, որոնց անդամները օձի նման ֆշշում ու գալարվում են տեղերում, իբր «ազատագրվելով» մեղավոր էությունից։ Եվ սա իրենց «քարոզիչները» անվանում են «բախում աստծո հետ»։ Եսայի մարգարեն այս մասին ասել է. «Պիտի ցածրանաս ու հողի վրայից խոսես, քո ձայնը պետք է լինի ինչպես վհուկներինը՝ գետնի տակից» (Եսայի 29.4), ինչը հնուց հայտնի հեթանոս ժամանակների շամաններին, քրմերին ու հմայախոս կախարդներին է հիշեցնում։ Կան դրանց մեջ խմբեր, որտեղ «քարոզների» ժամանակ իրական օձեր են բերում «աղոթաժողովների սրահ» ու ձեռքերում բռնած դիվահարի շարժումներով բղավում. «Ալելուիա, ալելուիա, ալելուիա»։ Մինչդեռ գիտենք որ ալելուիա եբրայերեն նշանակում է փառաբանություն տիրոջը. բայց որ Տիրոջն են փառաբանում տվյալ դեպքում, հարցը հենց դրանում է։
Ահա մեկ այլ խմբում էլ ամբողջ մարմինն ու նույնիսկ պարանոցը դաջվածքներով ծածկված «քարոզիչը» «երկնքից կրակ» է իջեցնում մարդկանց վրա, և նրանք դրա ազդեցության տակ գետնին են տապալվում ու խելագար շարժումներով թավալվում հատակին, ինչպես իրական կրակով բռնկված մարդը կթավալվի, որ ազատվի այդ կրակից։
Ավետարանի խոսքին տեղյակ մարդիկ այս բոլորը տեսնելով հասկանում են, որ այստեղ դիվական ուժեր են գործում, ըստ հետևյալ խոսքի. «Եվ տեսա մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից և ուներ երկու եղջյուրներ՝ նման գառան եղջյուրների, և խոսում էր ինչպես վիշապը: Եվ նա առաջին գազանի ամբողջ իշխանությունն էր ի գործ դնում նրա առաջ և ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, մինչև որ առողջանա նրա մահացու վերքը: Եվ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա մարդկանց աչքերի առաջ և մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ թույլատրված էին, որ նա կատարեր գազանի առաջ» (Հայտնություն 13.11-14):
Ինչևէ, կարծում եմ, որ բոլորիս էլ պարզ է, թե ով է այդ ամենի հետևում թաքնված, և ինչ ուժեր են գործում մարդկանց մոլորեցնելու համար. այն հինավուրց վիշապը, որ խաբեց Ադամին ու Եվային, հիմա էլ նրանց սերնդին է խաբում իր հնարքներով։
Որպեսզի ամբողջանա այս գրվածքի ուղնուծուծը, այժմ էլ կարդանք այդ դիվահմա խոսնակների անձնական կարողությունների մասին, որի հետ ծանոթանալուց հետո, մեր շեփորած «Բենթլի» ունեցող կամ այլ հարստությունների տեր եկեղեցականները շարքային աղքատների կնմանվեն։
Փաստագրական տվյալներ խորհելու համար.
Բողոքական խմբակցությունների պաստորների քարոզչական «սխրանքներից» հետո ֆիլմն ավարտվում է նրանց անձնական կարողությունների ցուցադրմամբ։
Նախ մեզ մոտ Հայաստանում, հոգեգալստական շարժման քրիստոնյաներից շատերին ծանոթ Ալեքսեյ Լեդյաևի (նրա քարոզչական կենտրոնը գտնվում է Լիտվայում) անձնական մեքենան է ցուցադրվում ամենաշքեղներից, երևի մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ։ Քիչ անց էկրանին այդ պաստորի համեստ տունը (համեստ մյուսների հետ համեմատած)։
Երբ քարոզչախումբը տոնում էր Լեդյաևի ծննդյան օրը վարձակալած շքեղ դահլիճում, չգիտես ինչու, մյուս պաստորներն ու հրավիրվածները ներկայացել էին դևերի ու կախարդների, կամ էլ խեղկատակ և գունագեղ հագուստներով։ Ինչ է, այդ անգամ որոշել էին ազնվորեն ներկայանալ իրենց իրական դեմքերո՞վ։
Ապա ցուցադրվում է ՈՒկրաինայում քարոզող պաստոր սևամորթ Սանդեյ Ադելաջան` նույնպես իր շքեղ ու թանկարժեք մեքենայով, հետո էկրանին երևում է նրա առանձնատունը` չորսհարկանի, իր բոլոր հարմարություններով, մեծ կինոդահլիճով։
Դնեպրոպետրովսկի պաստորի շքեղ ավտոմեքենայի հետևի ապակուն մեծ տառերով գրված է` Աստծո ծառա, իսկ համարանիշի տեղում՝ Պաստոր, քարոզում է հարստության անհրաժեշտության մասին, ինչով միայն կարելի է քարոզել ունևորներին, այլապես քեզ չեն լսի, որ փրկվեն։
Չանտեսենք Արևմուտքի հայտնի հեռուստաքարոզիչ Քեննետ Կոուպլենդին, ով տասնյակ հազարների է քարոզում Աստծո խոսքը, հորդորելով, որ իրենց հոգսերի, հիվանդությունների ու անձնական դժվարությունների մասին գրեն իրեն, չմոռանալով հետը կցել որոշակի գումար, ու խոստանում է կարդալ ու աղոթել կարիքավորների համար։ ՈՒ տասնյակ հազարավոր նամակներ շտապում են դեպի «փրկիչ» Կոուպլենդի շտաբ կայանը, դրանց զուգահեռաբար գանձարկղն է հոսում դոլարների հեղեղը, այո՛, հեղեղը, որովհետև դրա շնորհիվ Կոուպլենդն այլ վայրեր գնալու համար ձեռք է բերել 20 միլիոն արժողությամբ անձնական ինքնաթիռ, որը պաստորը անվանում է «քարոզող մեքենա»։ Որով նա իր տքնաջան քարոզություններից երբեմն հանգստանալու համար թռչում է հեռավոր երկրներ էկզոտիկ ու թանկարժեք կենդանիներ որսալու (այսինքն` սպանելու, որոնց գլխագինը տասնյակ հազարավոր դոլարներ է), իսկ սպորտային հաճույքների համար նույն ինքնաթիռով թռչում է Կոլորադոյի ձյունածածկ լեռներ` թանկարժեք դահուկներով սահելու համար։
Ոմանք կասեն` իսկ ինչ կա որ, մարդն ուզում է այդպես անցկացնել հանգիստը։ Բայց չմոռանանք այդ ինքնաթիռը, որն անվանվել է «քարոզող մեքենա»։ Գնվել է հատուկ քարոզելու նպատակով և այդ նպատակին էլ պետք է ծառայեր, միայն դրան։ Մինչդեռ Կոուպլենդը տուրքերից խուսափելու համար ինքնաթիռը համարում է իրենց եկեղեցունը, բայց օգտվում է ինչպես իր անձնականից։ Երբ նրան հարցրին, թե ինչու է այդպես վարվում, նա կտրուկ պատասխանեց հեռուստալրագրողին. «Դա քո խելքի բանը չէ…»։
Իսկ նամակ-խնդրանքները, որոնք նախապես վճարել և ուղարկել էին կարիքավորները, այդպես էլ Կոուպլենդ պաստորը աչքով իսկ չի տեսել ու չի աղոթել, չնայած ստել է, որ կարդում ու աղոթում է նրանց համար։
Իսկ այդ նույն պաստորի թանկարժեք առանձնատունը, որը նույնպես ցուցադրվում է էկրանին, չի զիջում հոլիվուդյան ցանկացած սուպերաստղի շքեղ պալատին։ Պաստորի հողատարածքը իր կանաչազարդ այգիներով ու հատուկ խնամված ծառուղիներով 549 հազար քառակուսի մետր է։ Համեմատիր այդ քարոզչի առանձնատան սեփական տարածքը մեր փոքրիկ Հայաստանի տարածքի հետ և իմացիր, թե խոսքն ինչի մասին է։
Այնուհետև երևում է տարօրինակ ազգանունով Կրեֆլո Դոլլար քարոզիչը, որը քարոզությունների է շտապում թանկարժեք «Ռոլս Ռոյս» մակնիշի մեքենայով, անձնական ինքնաթիռով և բնակվում կամ հանգստանում է տասնյակ միլիոնանոց մի քանի թանկարժեք առանձնատներում։ Երբ նրան հարցնում են իր ազգանվան ծագման մասին, նա պատասխանում է այսպես. «Իմ ազգանունը գալիս է իմ ծնողներից, բայց եթե ինձ հարցնեին ինչպիսի ազգանուն կուզենաս ունենալ, ես կասեի՝ Կրեֆլո»։
Վերջում գրենք նաև ամենահայտնի հոգեգալստական Բենի Հիլի մասին, ում անունը Հայաստանի հոգեգալստականներին քաջ հայտնի է, քանի որ, ըստ նրա կենսագրության, տատը Հրեաստանի Պաղեստինում ծնված հայուհի է եղել։ Բնական է, որ նրա առանձնատունն ու մեքենան չեն զիջում մնացած քարոզիչների ունեցածին, իսկ անձնական ինքնաթիռը, որը 4,5 միլիոն դոլար արժե, մի փոքր զիջում է մնացածներին։ Բայց այս քարոզիչը հայտնի է նրանով, որ իր ելույթների ժամանակ խիստ քննադատում է մյուս պաստորների աղոթաժողովներում գործածվող ծիծաղի, հռհռոցների, հաչոցների, ֆշշոցների և այլ ոչ քրիստոնեական հնարքները, բայց իր քարոզության սեանսների ժամանակ երկնքից «կրակ» իջեցրած պահին մարդիկ տապալվում են կայծակնահարի նման ու հատակին պառկած դողդողում են էլեկտրական հարված ստացած մարդկանց նման։ Ինքը՝ քարոզիչը, հագնվում է հատուկ դիզայներների պատրաստած տասնյակ հազար դոլար արժող հագուստներ, և շրջում «Կոնկորդ» մակնիշի վարձակալած ինքնաթիռով։
Վերը թվարկված պաստորների շարքում են նաև կին քարոզիչ Ջոյս Մեերը, որի «Բոմբարդիր Չելենջեր 604» մակնիշի անձնական ինքնաթիռն արժե ընդամենը 4,5 մլն դոլար։
Ինչևէ, այս ամենը գրվեց ոչ թե բողոքականության դեմ, որովհետև նրանցից շատերը իրապես հավատում են Սուրբ Երրորդությանն ու Հիսուսի փրկարար զորությանը, այլ ընդհանրապես սատանայի մոլորեցնող զորությունը բացահայտելու համար, որպեսզի շատերս չընկնենք այդ նուրբ ծուղակների մեջ։ ՈՒ սա չի նշանակում, որ նման շքեղություններ կատարվում են միայն բողոքականության մեջ, ո՛չ. մոլորության ոգին գործում է նաև առաքելահիմն եկեղեցիներում։ Վերջերս ինտերնետային կայքում ցույց էին տալիս մի ուղղափառ քահանայի, որը սեփական դագաղագործական ֆաբրիկա ուներ, և իր միջոցով անդրաշխարհ ուղեկցելու ծիսական արարողությունն անվճար էր, բայց մի պայմանով, որ հանգուցյալի դագաղը իր մոտից գնեն։ Այդ քահանայի ձեռքի ժամացույցը հարյուր հազար դոլարանոց էր, իսկ բջջային հեռախոսը քսան հազար դոլար արժեր։ Նա այդ շքեղությունը բացատրում էր այսպես. «Երբ ինձ մոտ են գալիս հարուստ քրիստոնյաները, ու ձեռքիս տեսնում թանկարժեք ժամացուցն ու հեռախոսը, ավելի անկաշկանդ են խոստովանում իրենց մեղքերը»։ Հիշատակենք նաև մի քանի տարի առաջ ծայր առած սկանդալային բացահայտումը. Մոսկվայի պատրիարքարանի բարձրաստիճան եպիսկոպոսների ջանքերով առանց մաքսի Ռուսաստան են տեղափոխել (որպես հումանիտար օգնություն) 10000 տոննա ծխախոտ, որի վաճառքից եկեղեցին պետք է ստանար 24 միլիարդ ռուբլու օգուտ։
Կույր չենք, տեսնում ու լսում ենք նաև կաթոլիկ եկեղեցու մանկապիղծ հոգևորականների, «երկնագույն» միասեռական օրթոդոքս եպիսկոպոսների մասին։ Մեր եկեղեցու հոգևորականներից ոմանց ոչ քրիստոնեավայել արարքներն ու խոսքերը նույնպես լսում ու տեսնում ենք։ Եվ այս ամենը հաստատում է վերջին ժամանակների համար Հիսուսի ասած խոսքերի ճշմարտությունը. «Երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկաս 18.8): Իսկ Պողոս առաքյալը հաստատում է Տիրոջ խոսքը` ասելով, որ վերջին ժամանակներում չար օրեր պիտի գան, և մարդիկ աստվածպաշտության կերպարանք պիտի ունենան, բայց ուրացած կլինեն Աստծո զորությունը։
Իսկ հարստատենչների համար Տերն արդեն ասել է. «Դարձյալ ասում եմ ձեզ՝ ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը» (Մատթ. 19.24):
Բայց Տիրոջ կամքը փնտրող հավատարիմ ծառաների համար Աստծո խոստումը այս է. «Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց սպասարկելու: Եվ եթե Տերը գա կեսգիշերին և կամ ավելի ուշ ու գտնի նրանց այդպես, երանելի են այդ ծառաները: Բայց այն էլ իմացե՛ք, որ եթե տանտերը գիտենար, թե ո՛ր ժամին գող կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն: Դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու Որդին»:
Իսկ ի՞նչ անենք, որ մենք էլ չխաբվենք ու չմոլորվենք. ահա մի հարց, որ ամենքիս պետք է հետա-քրքրի, քանզի սատանան փորձում է նույնիսկ ընտրյալներին մոլորեցնել։
Չեմ ուզում ուրիշների փորձառություններից մեջբերել, որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա իր իմացած ձևով է պատերազմում հավատքի բարի պատերազմը, այլ կգրեմ իմ փորձառության մասին, որպես այս գրվածքի հեղինակի։ Ամեն առավոտ, երբ կանգնում եմ աղոթքի, առաջինն այս եմ աղոթում, ըստ սուրբ հայրերի խորհրդի.
«Հայր երկնավոր՝ Աստված ճշմարիտ, սրբիր միտքը իմ։
Որդիդ սուրբ, Աստված ճշմարիտ, սրբիր մարմինն իմ։
Հոգիդ Սուրբ, Աստված ճշմարիտ, սրբիր հոգին իմ։
Ամենասուրբ Երրորդություն, Աստված ճշմարիտ, սրբիր զգայարաններն իմ, որպեսզի կարողանամ աղոթել, հուսալ, հավատալ, ներել ու սիրել, և բարին խորհել, խոսել և գործել Քո առջև ամենայն ժամ»։
Որից հետո սաղմոսի հետևյալ տունն եմ ասում.
«Փորձիր ինձ, ով Աստված, ու ճանաչիր իմ սիրտը,
Քննիր ինձ ու իմացիր իմ շավիղները,
ՈՒ նայիր, թե արդյո՞ք չար ճանապարհների մեջ եմ.
Եվ առաջնորդիր ինձ Քո հավիտենական ճանապարհով» (Սաղմոս 139.23-24):
Սա կոչվում է ինքնաքննություն Աստծո խոսքով, որովհետև բոլորս էլ մոլորության ենթակա տկար էակներ ենք, նման այն գառներին, որոնք կարող են հովվի պաշտպանող ներկայությունից հեռացած լինել, կամ էլ միամտության կամ տգիտության պատճառով գառան մորթի հագած գայլի հանդիպել։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ